«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Արտակարգ իրավիճակ Ներքին Հանդ գյուղին մեջ

Արտակարգ իրավիճակ Ներքին Հանդ գյուղին մեջ
31.10.2012 | 18:01

Արտասահմանեան կարևոր աղբյուրներեն տեղյակ ըլլալով, որ Հայաստանին հայկական գյուղերուն մեջ այլևս 20 տարի անկախություն մսխելու արդյունքով կաթվածահարության (աս բառը կսիրեմ, քանի որ ասոր մեջ հարություն բառն ալ կա) արտակարգ իրավիճակ մըն է, Հայաստանի կառավարությունն որոշում ըրավ իր պաշտոնական աթոռեն ելլել ու նիստ մը գումարել Սյունյաց մարզի Մթնաձորի Ներքին Հանդ գյուղին մեջ, որ կգտնվի Բասուտա գետի ափին` աշխարհում Սոսիներու ամենահրաշագեղ ու կենսալի պուրակին մեջ:

Միջազգային դրամաշնորհներու շնորհիվ ասֆալտապատ մայրուղիով տեղանքին հասնելուն պես, կառավարության անդամներն անակնկալ իրավիճակեն բերաններն ջուր առին ու կեցան: Ինչ պատահեցավ, բաբամ: Ինչու բերաններդ ջուր առեր եք ու բան մը չեք ըսեր,- զայրացավ կառավարության նախագահ: Նախարարներեն պաշտպանության նախաարարը, որ ավելի պաշտպանված կզգար իրեն, առաջ եկավ և զեկույց մը ըրավ, որով հասկնալի եղավ, որ գյուղ տանող ճանապարհ չկա։ Թեև տեղանքը ճշտվեցավ ` համաձայն տիեզերանավերու տեղացույցին, սակայն ամենուր խճողում է, մոշապատում և մացառապատում է և ճանապարհի նշույլ անգամ չիկա: Տեղեկատվության նախարարն ճանապարհային նախարարը զեկուցեցին, որ իրապես ճանապարհ չիկա։ Կառավարության նախագահն անմիջապես հանձնարարեց արտակարգ իրավիճակներու և ծայրահեղ արտակարգ իրավիճակներու նախարարներուն` փնտրել և գտնել գյուղ տանող ճանապարհը, որ ինչ-որ ժամանակ, անշուշտ, կենդանի եղած էր ու հավանաբար չգործածվելեն մեռած ու չես գիդեր ում կողմե որտեղ, բայց անպայման տեղ մը անհիշատակ թաղված է:
Մինչ հանձնակատարն իր պաշտոնական պարտականությունների մեջ կհայտնվի, կառավարության անդամները կնետվեն դեպի անտառներն ու հարազատ միջավայրին շունչը, ջերմությունն ու մաքրությունը կվայելեին, պահ մը մոռանալով իրենց հարազատ քաղաքական օյինբազությունները, օյ, ներողամիտ կըլլաք, քաղաքային աղտոտությունները;
Նախագահ այդ նկատեցավ և անգամ վտանգ ըզգաց, որ կըրնայ ըլլալ կորուստներ ունենա իր կառավարության անդամներեն և կրնայ ըլլալ, որ անոնք բնական հարազատ վիճակին մեջ հայտնվելով այլևս կամ հրաժարական ներկայացնեն, կամ անհետ կորչեն անտառային անկեղծ լաբիրինթոսին մեջ։
Նախագահ ոտքի վրա ինքզինքը նախաժողով մը ըրավ և նախազգուշացուց կառավարության նախարարներուն և զգոնության պահանջ մը ներկայացուց չկորսնցնելու ինքնակառավարումը, ուստի և կանխելու անակնկալ աննախադեպությունները, որ կրնա ծայրահեղ իրավիճակին մեջ կառավարության գլխուն իջնել։ Նախագահ իր աթոռին տակեն մատյաններու խուրձ մը հանեց ու նախ հիշեցուց յուրաքանչյուր նախարարին իր անցյալին բոլոր հանցանքներն ու բնականաբար ատոր անվերապահ հետևանքները:
Այդ պահուն հայտնվեցավ արտակարգ իրավիճակներու նախարարը կուսակցական գլխարկով ու կրծքանշանով և աննախադեպ զեկույց մը ըրավ։ Այդ զեկույցեն, որ շատ երկար և նախընտրական համոզչական բնույթ ունեցած է, պարզվեցավ, որ գյուղ գացող ճամփան մնացած է անտերությամբ բարգավաճող որոգայթներուն մեջ:
Նախագահին դեմքը, որ բոլոր սարսափելի իրավիճակներուն մեջ անժպիտ էր` ավելի լուրջ կնճիռային փքվածքներ ունեցավ, որ ավելի կշեշտեր անժպիտությունը։ Ան իսկույն կապվեցավ Եվրախորհուրդին և հայտնեց իր երկրի գյուղերուն անճանապարհայնության մասին և հրահանգեց իր աշխատակազմին անմիջապես դրամաշնորհային ծրագրեր պատրաստել ու ներկայացնել դրամաշնորհներու: Այդ ապիկար եվրոպացիներուն պետք է գործի լծել, այլապես կրնան այլասերվել,- իր սրտին մեջ մտածեց նախագահ:
Այս անպատեհությունը հաղթահարելու համար նախագահ շատ խորհեցավ։ Որպեսզի խորհումը խորունկ ըլլա, անիկա մութ փչակ մը գտավ ու առանձնացավ իր հպատակներուն հետ, ում կվստահեր ժամանցային թղթախաղով ժամանակն իմաստավորել:
Երբ վերադարձավ կանաչ հրապարակ ան հրապարակեց իր որոշումը. որպեսզի կրնանք գյուղ հասնիլ, պիտի Ճեղքենք անտառային և բազմածառային-բազմածառուկային և փշամացառային դժվարություններն ու գյուղ հասնինք: Եվ այս պարագային անհրաժեշտ պիտի ըլլայ մեզ նախ օդային ռազմական ուժերու ուղեկցական օգնությունը երկինքեն,- այս ըսելով աչքին մեկ պոչով նախագահ նայեցավ պաշտպանության նախարարին ուղղությամբ,- և երկրորդ` անտառային նոր աղոթքներ,- այս ըսելով անիկա աչքին մյուս պոչով նայեցավ գյուղնախարարին ուղղությամբ: Ի վերջո, ըստ խնդրին պատկանելության կառավարությունը, համաձայն նախագահին որոշումին, որոշում մը առավ ու հրահանգեց բոլոր նախարարներուն` պատրաստ ըլլալ բոլոր միջոցներով անտառըճեղքելուն ու գյուղ հասնելուն։ Մինչ կավարտեր կառավարությունն իր նիստը` անձրև սկսվեցավ ու ջրվեց պահ մը առաջ գրված որոշումները։ Անտառը հուզված էր և ուրախությամբ կլացեր ու կլվացվեր, կմաքրվեր։ Անձրևն իր կաթիլային մատներով կնվագեր ծառերուն տերևներուն վրա և բարձրացող երգեհոնային երկնաշիթ վեհութենեն անտառը վսեմորեն կհուզվեր: Անտառին հուզմունքը կտագնապեր կառավարության սիրտը, բայց քանի որոշում առնված էր, ուստի պիտի իրագործումի երթար։ ՈՒ կառավարությունը սկսավ քիչ-քիչ քալել: Կսայթաքեր, մեկ մի նախարարությունը, մեկ մյուսը, օյ, ներողամիտ կըլլաք, մեկ մի նախարարը կիյնար, մեկ մյուս նախարարը կկանգներ ու առաջ կերթար, տեղ-տեղ ալ կառավարությունը քալել չիմացող մանուկի մը պես չոչ կըներ, կխրվեր իր սարքած ցեխերուն մեջ։ Այո, եղավ որ ան ցեխի մը մեջ խրվեցավ, բայց անասելի ճարպկությամբ և արդեն իսկ անկուսակցական կոալիցիոն համերաշխությամբ մեկմեկու քաշեցին, քաշքշեցին և բոլորն ալ, ի վերջո, չոր դուրս եկան սեփական կոխկրտումեն առաջացած ճահիճեն:
Երբ բացատ մը ելան` տեսարան մը բացվեցավ անոնց հեռահար հայացքներուն առջև: Գյուղին մամռոտած տուները, որ հեռուեն կանաչ կնկատվեն, խաղաղորեն կնիրհեին ձորին մեջ: Անձրևեն ետքը ծիծան մը կփորձեր իրավիճակը ծածկել ու գեղեցիկ կվետվետար հորիզոնին վրա `մեկ ոտքը գյուղին քանդված կովանոցին վրա, մեկ ոտքն ալ երկնային անսահմանության մեջ հուսահատորեն թաքնվելով: Քիչ մը առաջ քալելեն անոնք հին գերեզման մը գտան, որտեղ քարերուն վրա թվագրություններ դաջված էին։ Ընտրական բարձրագույն ատյանի նախագահին իր մոտ կանչեց նախագահ և հարցուց` ականջին մեջ խայտալով.
-Այս գերեզմաններն արձանագրվա՞ծ են ընտրացուցակներուն մեջ:
- Ոչ,- ըսավ ընտրություններու նախագահ, քանի որ, պարոն նախագահ, այս գերեզմանները 250 տարիե ավելի են:
-Լավ,- ըսավ նախագահ,- ասիկա շատ աղվոր գերեզման մըն է և հուսալիորեն քողարկված, բան մը չէ, օրենքին մեջ փոփոխություն առաջարկե, որ այսուհետ երեք հարյուր տարիե ավելի գերեզմանները չառնվին ընտրական ցուցակներուն մեջ:
Այս կարևոր հաճելիության հարցը լուծելեն ետքը նախագահ առաջնորդեց իր կառավարությունը դեպի գյուղ։ Եվ ըսավ անիկա. «Բոլորս դեպի գյուղ»: Եվ բոլորն ալ միաբոլոր կրնկեցան. «Բոլորս դեպի գյուղ»։
Հեռուեն նկատվեցավ, որ ամբողջ գյուղի տուներեն միայն մեկի մը տանիքեն ծուխ կելլե։ Կնշանակի` մյուս բոլոր տուները նոր տաքացուցիչ սարքավորումներ ունին կամ արևային մարտկոցներով կտաքացնեն իրենց տուները, ու շատ ուրախացավ նախագահ իր գիտակ մտածումեն;
Բայց հետզհետե գյուղին մոտենալով ավելի չարագուշակ տպավորություն իջավ դժվար ճանապարհին կառավարության դիմագիծերը կորսնցուցած դեմքին, քանի որ ոչ մեկ մարդ չէր դիմավորեր, ավելին… երևի բոլորն ալ թաքնվեցան և կամ մտածեցին, որ բարձրակագ ավազակախումբ մը կհարձակվի գյուղին վրա կամ կուսակցական դատարկամիտ մեծախոսներու ամբոխ մըն է, որ ընտրություններու կնախապատրաստեն ու կքարոզեն այն։ ինչին իրենք չեն հավատար։ Մանավանդ այդ պահուն օդային փուչիկներ վար նետվեցան երկինքեն, հայրենի օդուժին օդային մարտիկներու կողմե, որպես ողջույն:
Կառավարությունը, որ հետզհետե թափորի կնմաներ, գյուղի ամայի փողոցով քալեց դեպի ծուխ ունեցող տունը:
Երբ դուռը բացին ու ներս մտան, իրենց առջև բացվեցավ տեսարան մը, որ նախնադարերու մասին ֆիլմի կնմաներ։ Ծերունի մը, որ իր անունը Հայկո ըսավ, մեկ ոտքով կուզեր հարմարություններ ստեղծել ու իր տիկինը որ ոչ ևս եղած էր, անունը` Մանյա, տաներ ու թաղեր։ Նախ ծերունի Հայկո այսքան ամբոխ տեսնելով սկսեց լալ` կասկածելով, որ հարկահավաքներ են և թույլ չեն տար թաղել իր կինը մինչև հողին հարկերը չվճարե, բայց հետո ալ սկսեց ուրախանալ անոնց չարչարված դեմքերուն նայելեն մտածելով, որ արդեն թափոր ունի և կրնա իր տիկինը առոք-փառոք թաղել, ունենալով ընդամենը մեկ ոտք և իր թիկունքում` կառավարություն:
Կառավարության անդամներ արագ գործի անցան և արհեստավարժ վարպետությամբ կազմակերպեցին թաղումը, քանի որ իրենց լավ կյանքեն չէ, որ վարպետացած են զանազան խնդիրներու, հույսերու և վստահության թաղումներուն մեջ:
Թաղման սեղանը բացավ նախագահ և ափսոսանք հայտնեցավ, որ իրենց ընտրողներեն ահա ձայն մը պակասեցավ իր հայրենի գյուղին մեջ ու անոր պատճառավ գյուղը մարեցավ;
Երբ խոսքը հասավ երկրագործության նախարարին, անիկա քանի մը սփոփեցուցիչ աղոթքներ ըսավ անձրևի, գյուղացիներու բարօրության և ստանալիք բերքի ու անոր իրացումի, կոմբիկորմի մատակարարման, կրծողներու դեմ պայքարի, խոտաբուծության, անասնաբուժության մասին և վերջում ալ ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց. «Աստված Ձեզի հետ ըլլա»։
Կրթության նախարար քիչ մը ստեղծագործական կարկամության մեջ ինկավ ու շարունակեց,
Այ Ներքին Հանդ, Ներքին Հանդ
Ինչու եղար քար ու քանդ:
Ջուրդ զուլալ, օդդ մաքուր,
Ինչու կապրես այսպես թաքուն:
Ինչու այսպես ցիրուցան,
Որդիներդ մոռացան:
Գյուղեն ինչու հեռացան
Մարդ ու բարիք մոռացան։
Սգո սեղանին վրա ամեն մեկը մեկ կում ջուր առավ իր բերանն ու երբ ոտքի ելան միասին, իսկույն նկատվեցավ, որ կառավարությունը միշտ կրնա անոթության պահանջված ծրագիրը գործի դնելու անմիջական արդյունքի հասնել նախաձեռնողական միաբանության շնորհիվ։ Եվ հաստատ է, որ կառավարությունն ինչպիսին ալ ըլլայ, չի կրնար պարապությամբ կենալ աթոռին վրա նստած կամ քնած… կամ թաղումեն թաղում հավաք ընելով, ուստի այս կառավարությունն ալ հմուտ եղավ անմիջապես ծրագիրներ կազմելու գյուղական հացի մասին և անմիջապես ետքը մեկ այլ` հացն ուտելու գերծրագիր կազմելու մեջ, որը պետք է անմիջապես գործի դնել առաջին ծրագիրը չեզոքացնելու համար:
Երբ կառավարությունը կելլեր գյուղեն` եկած ճանապարհներն ալ ճահիճի վերածված էին իրենց շնորհված մաքուր անձրևներեն և քանի որ ժողովուրդն ալ, օյ , ներողամիտ կըլլաք, Հայկոն ալ, որ պատերազմներու միջով անցնելեն մեկ ոտքը կորսնցուցած և մեկ ոտքը փրկած էր, այդ ճահճային կառավարական ճանապարհին կարիքն ալ պիտի չունենար և հազիվ իր փրկած մեկ ոտքով գերեզման հասներ ու ինքն ալ գրանցվեր հավիտենական ընտրացուցակին մեջ և սակայն վերջեն եկած միտք մը շատ ցավեցուց անոր սիրտը. «Կորսնցուցի պատեհ առիթը, կառավարությունն ալ գնաց, ով պիտի իր գրանցումը կատարի գերեզմանին մեջ» :

Սուրեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 28529

Մեկնաբանություններ